Մարտակերտի դպրոցների 3-12-րդ դասարանները կանցնեն հեռավար կրթության
Վաղվանից Մարտակերտի դպրոցների 3-12-րդ դասարանները կանցնեն հեռավար կրթության։ Այդ մասին տեղեկացրել է Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։
«Առայժմ Հեռավար կրթությունը պետք է իրականացնել 3-12-րդ դասարաններում, իսկ որոշ ժամանակ անց, իրավիճակից ելնելով հնարավոր է տարրական դասարանների աշակերտները/1-4-րդ/ հաճախեն դպրոց»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լալայանը։
Ավելի վաղ Դավիթ Լալայանն ի գիտություն Մարտակերտի շրջանի հանրակրթական դպրոցների ղեկավարների հայտնել է․
«2021թ․ նոյեմբերի 9-ից դպրոցների 3-12-րդ դասարաններում անհրաժեշտ է անցնել հեռավար կրթության, քանի որ այս իրավիճակում, երբ չգիտենք, թե երբ կավարտվի կամ թուլանա համավարակը, կրթական, մասնավորապես՝ հանրակրթական համակարգը մեծ չափով տուժում է այս ամենից։ Առավել ևս, երբ մեր ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ունի 2020թ-ից։
Բոլոր դեպքերում հեռավար ուսուցումը կարող է արդյունավետ լինել հետևյալ պայմանների առկայության դեպքում՝ վերապատրաստված մասնագետներ, համապատասխան նյութատեխնիկական բազա, որակյալ կապ: Անհրաժեշտ են նաև որոշակի վերահսկողական մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապահովել կրթության պատշաճ մակարդակը»։
Հիշեցնենք, որ հայտարարվել էր, որ Մարտակերտի շրջանում նոյեմբերի 2-13-ը ներառյալ կդադարեցվի ուսումնական գործընթացը։
Կարծիքներ