Մոլդովան և «Գազպրոմը» հինգ տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
Մոլդովան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ավարտել են բանակցությունները Սանկտ Պետերբուրգում: Արդյունքում կողմերը համաձայնեցրել են գազի մատակարարման նոր պայմանագրի պայմանները, ինչպես նաև Քիշնևի պարտքի մարման սխեման: Այդ մասին հայտնել են Հանրապետության ենթակառուցվածքների նախարարությունից, փոխանցում է ТАСС-ը։
Պայմանավորվածությունների համաձայն՝ «Գազպրոմի» և «Մոլդովագազի» միջև պայմանագիրը երկարաձգվել է հինգ տարով։ Նոր համաձայնագրով վառելիքի մատակարարումները կսկսվեն նոյեմբերի 1-ից:
«Գազպրոմից» հաստատել են պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ «պայմանագիրը երկարացվել է փոխշահավետ պայմաններով»։
Ավելի ուշ Մոլդովայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն հայտնել է, որ գազի գինը Մոլդովայի համար նոյեմբերին կկազմի 450 դոլար՝ հազար խմ-ի դիմաց: Նրա խոսքով՝ «Մոլդովագազ» ընկերության պարտքը «Գազպրոմին» 2022 թ. կենթարկվի աուդիտի:
Միևնույն ժամանակ, ռուսական աղբյուրները նշում են, որ առաջիկա ամիսներին Մոլդովայի համար ռուսական գազի գինը «Գազպրոմի» հետ նոր պայմանագրով կարող է աճել մինչև 500-600 դոլար՝ հազար խմ-ի դիմաց:
Կարծիքներ