Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով ՀԿ առաջին նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով ՀԿ առաջին նիստը

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ։

Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել խորհրդի անդրանիկ նիստը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը։

 

Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։

 

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ Հենց այս հարթակը կարող է պետության և ազգային փոքրամասնությունների համայնքների միջև կամուրջ դառնալ»,- ասել Մարդու իրավունքների պաշտպանը։

Միջոցառմանը մասնակցել են ինչպես միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորներ, այնպես էլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում