Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․
«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա, ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։
Ըստ նրա՝ սա ենթադրում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի կազմակերպում:
Կարծիքներ