Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից

Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից

Ֆրանսիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվել մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Ցույցերին նախորդել էր խորհրդարանում քվեարկությունը, որի արդյունքում նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը հաջողվեց խուսափել անվստահության քվեից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին է քվեարկել 278 պատգամավոր, դեմ՝ 287-ը: Լրատվամիջոցը նշում է, որ եթե պատգամավորները Ֆրանսիայի կառավարությանն անվստահության քվե հայտնեին, ապա Մակրոնի կառավարությունը կհայտնվեր դժվարին կացությունում, իսկ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը չէր իրականացվի:

Ֆրանսիացիները զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի:

Խորհրդարանում քվեարկությունից հետո երկրի տարբեր քաղաքներում մարդիկ ցույցի են դուրս եկել: Որոշ դեպքերում ոստիկանները կարճ ժամանակով արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ:

 Արհմիությունները հինգշաբթի՝ մարտի 23-ին, համազգային գործադուլ են հայտարարել:

Էմանուել Մակրոնը պետք է հեռուսատաուղերձով ֆրանսիացիների դիմի չորեքշաբթի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում