Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում:
«Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝ Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
Կարծիքներ