Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր
Հայաստանում 2020-ին՝ դժվարին տարում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդ դրամը հատկացվել է պետբյուջեից:
Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«2020-ի բարդ ժամանակաշրջանում կարողացել ենք իրականացնել 26 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը եղել է պետբյուջեից»,- ասաց Տերտերյանը:
Նա սա տպավորիչ համարեց նաև այն առումով, որ այդ սուբվենցիոն 576 ծրագրերի իրականացման համար 11 մլրդ դրամ էլ հատկացրել են համայնքներն իրենց բյուջեներից: Փոխնախարարի կարծիքով՝ սա փաստում է, որ համայնքը, տեղական ինքնակառավարումը նույնիսկ դժվարին պայմաններում լիաթոք աշխատող ինստիտուտ է:
Առաջին անգամ սուբվենցիոն ծրագրերին, բացի համայնքային մասնակցությունից, եղել է նաև մասնավոր մասնակցություն՝ շուրջ 700 մլն դրամի չափով:
Պետությունը 2020-ին 28 միավորված համայնքներում շուրջ 1.85 մլրդ դրամի դրամաշնորհի շրջանակում օժանդակության ծրագրեր է իրականացրել: Դրանք տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր են եղել:
Կարծիքներ