Ատլանտայի մերսման սրահում եւ սպա-կենտրոնում կրակոցների հետեւանքով մահացել եւ վիրավորվել է 8 մարդ
Ատլանտայի մերսման սրահում եւ սպա-կենտրոնում կրակոցների հետեւանքով մահացել եւ վիրավորվել է 8 մարդ, որոնցից վեցը ասիական ծագմամբ կանայք են: Հրաձիգը կալանավորվել է միջադեպից հետո մի քանի ժամ անց հարավային Ջորջիայում, հայտնել են ոստիկանությունից:
Տեղական ժամանակով մոտ 17:00-ին 4 մարդ սպանվել է, եւս մեկը վիրավորվել մերսման սրահում հրաձգության հետեւանքով: Մահացածների թվում էին ասիական ծագմամբ երկու կին, ինչպես նաեւ սպիտակամորթ կին եւ տղամարդ, ողջ մնացած վիրավորը լատինաամերիկացի է, փոխանցում է Reuters-ը:
Ոստիկանության աշխատակիցները մոտ 18:00-ին արձագանքել են «կատարվող կողոպուտի» մասին հաղորդմանը: Ժամանելով դեպքի վայր՝ նրանք հայտնաբերել են 3 գնդակահարված կնոջ:
Հրաձգության մասին առաջին հաղորդման հետաքննության ժամանակ սպաներին կանչել են մեկ փողոց այն կողմ գտնվող երկրորդ սպա-կենտրոն, որտեղ գտել են հրազենով սպանված չորրորդ կնոջը: Ատլանտայում սպանված 4 կանայք էլ ասիական ծագում ունեին:
Հրաձիգը 21-ամյա Ռոբերտ Ահարոն Լոնգն է, ում կալանավորել են մոտ 20:30-ին Քրիսփ շրջանում:
Իշխանությունները չեն նշել հրաձգության հնարավոր դրդապատճառների մասին եւ հայտարարել են, թե չգիտեն՝ զոհերն արդյո՞ք թիրախավորվել են ռասայի կամ էթնիկ պատականելության պատճառով:
Կարծիքներ