ԿԳՄՍ-ն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի և տնօրենի որոշման ողջ գործընթացը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների որոշման ողջ գործընթացը:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Հանրային քննարկման ենք ներկայացրել Տարվա լավագույնները մրցույթի կարգի նախագիծը, որով առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը։ Մասնավորապես, այս մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ուղղված էին գնահատել ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը։ Ավելին, հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը, հաճախ գործնականում դառնում էին նաև սոցիալական խնդրի լուծման գործիք»,- գրել է Անդրեասյանը:
Փոխնախարարը նշել է, որ կարևոր է, որպեսզի պահպանելով ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, դրան հավելեն նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։
«Այս նպատակով վերափոխել ենք տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը, որի արդյունքում գնահատելու և ընտրելու ենք լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։ Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ։ Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները»,- նշել է փոխնախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:
Կարգի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Կարծիքներ