Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես FreeNews-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որից հետո պահանջել զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրել, և ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մուտք գործած անձանց հետ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Կարծիքներ