Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊ

Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊ

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:

Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ միջոցներ արդեն ձեռնարկել է:

«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:

Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:

Իսկ արդյոք այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որը Հայաստանում էր այցով: ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում