Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը մասնակցել է հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին, որին աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վեղաժողովին քննարկվ հիմնական թեմաների թվում են եղել ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, կիբեռհանցավորությունը, երեխաների սեռական շահագործման դեմ պայքարը։ Վեհաժողովի ավարտին ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ:
Նշվում է, որ 2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն:
Կարծիքներ