Իլոն Մասկը հայտարարել է Tesla-ում իր ավելի մեծ թվով բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամության մասին

Իլոն Մասկը հայտարարել է Tesla-ում իր ավելի մեծ թվով բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամության մասին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կիրակի օրը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել ընկերությունում իր բաժնետոմսերի էլ ավելի մեծ մասը: Այս կերպ նա Twitter-ում արձագանքել է կոնգրեսական Բեռնի Սանդերսի՝ հարուստներին ավելի արդար կերպով հարկելու կոչին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բեռնի, ուզու՞մ ես, որ ավելի շատ բաժնետոմսեր վաճառեմ: Ընդամենը քո մի բառը»,- գրել է նա։ «Անընդհատ մոռանում եմ, որ դու դեռ ողջ ես»,- հավելել է նա 80-ամյա քաղաքական գործչի հասցեին։

Անցյալ շաբաթ Մասկը Twitter-ում հարցում անցկացրեց այն մասին` արդյոք նա պետք է վաճառի Tesla-ում իր բաժնետոմսերի 10 տոկոսը` հայտարարելով, որ կհետեւի հարցման արդյունքներին: Արդյունքում արժեթղթերի հնարավոր վաճառքին կողմ հանդես եկավ ավելի քան 3.5 մլն ընտրողների 57.9 տոկոսը։ Այս շաբաթ Bloomberg-ը հայտնեց, որ ձեռնարկատերը Tesla-ի բաժնետոմսերում իրացրել է ավելի քան 2.5 միլիոն օպցիոն, այնուհետեւ օրեր անց վաճառեց դրանք: Գործակալության տվյալներով՝ ձեռնարկատերն արժեթղթեր է վաճառել 2016 թվականից ի վեր առաջին անգամ։ Այդ ժամանակ նա վաճառեց իր բաժնետոմսերը՝ 590 միլիոն դոլարի չափով եկամտահարկը վճարելու համար: Ընդ որում, հարցման մեկնարկից հետո Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ էժանացան, ինչը Մասկին, ըստ Bloomberg-ի գնահատականների, մոտ 50 միլիարդ դոլար արժեցավ:

Forbes Billionaire Rating-ի համաձայն, որն անցկացվում է իրական ժամանակում, նոյեմբերի 1-ին Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում