Շատ հեղուկ օգտագործել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. ԱԱՏՄ ցուցումները
Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է՝ շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար հետևել հետևյալ կանոններին՝
օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո).
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ.
ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին.
հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ.
չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով։
աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին տրամադրել հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար.
ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի վայրեր.
հաշվի առնելով աշխատանքային պայմանները՝ աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ.
շոգ եղանակին հրաժարվել յուղոտ, մեծ քանակի ճարպ պարունակող, դժվարամարս սննդամթերքից: Օգտագործել թեթև, ավելի դյուրամարս՝ մրգային, բանջարեղենային, վիտամիններով հարուստ սնունդ։
Կարծիքներ