Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած մոտ 100 թեկնածու հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ ավելի ուժեղ թեկնածուների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ պարզաբանելով, որ պատճառը Ժորդան Բարդելի և Մարին Լե Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը կանխելն է։
Գործակալության տվյալներով՝ իրենց թեկնածությունը հանել են «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի և «Նոր ժողովրդական ճակատի» ձախ դաշինքի թեկնածուները ։
Հետագա մրցապայքարից հրաժարվել են այն քաղաքական գործիչները, ովքեր առաջին փուլում գրավել են երրորդ տեղը՝ միևնույն ժամանակ ստանալով բավարար ձայներ երկրորդ փուլ անցնելու համար։
Ֆրանսիայի Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Բացարձակ մեծամասնության հասնելու համար այս կամ այն կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը հայտարարել էր, որ «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի շուրջ 60 թեկնածու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կհրաժարվի երկրորդ փուլում ընտրապայքարից՝ ձայները ձախերին տալու և «Ազգային միավորում» կուսակցության հաղթանակը կանխելու համար։
Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում»-ն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատ»-ը հավաքել է 28 տոկոս, «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 7-ին։
Կարծիքներ