Ադրբեջանցիները կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը մարտի 27-ին, ժամը 11:30-ին ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ 26-ին Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակվել։
Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Արցախի ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Կարծիքներ