Եվրահանձնաժողովը Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային սպառնում է դատով՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքի համար

Եվրահանձնաժողովը Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային սպառնում է դատով՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքի համար

Եվրահանձնաժողովը Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային սպառնացել է դատական հետապնդմամբ այն բանի համար, որ նրանք միակողմանի կարգով իրենց շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների էմբարգո են սահմանել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադը Եվրամիության երկրների գործընկերների հետ Բրյուսելում կայացած խորհրդակցությունից հետո։

Նա հիշեցրել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները հարկադրված են եղել սահմանել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելք, քանի որ դա լուրջ վնաս էր հասցնում իրենց ֆերմերների շահերին։

«Այժմ Եվրահանձնաժողովն սպառնում է դատական ​քննություն սկսել Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ՝ ազգային մակարդակով պատասխան միջոցներ ձեռնարկելու համար», - նշել է Նադը՝ հավելելով, որ Բուդապեշտն արդեն նամակ է ստացել Բրյուսելից այդ առիթով։

Նախարարն ասել է, որ Եվրահանձնաժողովն, ըստ էության, գործում է ի վնաս ԵՄ բոլոր երկրների, քանի որ Կենտրոնական Եվրոպայի երկրների էմբարգոն ուկրաինական արտադրանքից պաշտպանում է ամբողջ եվրոպական ընդհանուր շուկան։ Հունգարիայի կառավարությունն արդեն վաղուց ջանքեր է գործադրում Ուկրաինայից դեմպինգային գներով գյուղատնտեսական ապրանքների ներկրման դեմ։

Երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հրաժարվեց երկարաձգել Ուկրաինայից Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա չորս տեսակի հացահատիկային և ձիթատու մշակաբույսերի՝ ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի սերմերի մատակարարումների արգելքը, որի ժամկետը սպառվել էր սեպտեմբերի 15-ին։ Հունգարիայի կառավարությունը որոշել է միակողմանիորեն ուժի մեջ թողնել էմբարգոն և այն տարածել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ևս 20 տեսակների, այդ թվում՝ ձավարեղենի, մսի, ձվի, բուսայուղի, բանջարեղենի, մեղրի վրա: Լեհաստանը և Սլովակիան նույնպես հայտարարել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելքը պահպանելու մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում