Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը

Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետը շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման առիթով և նշել. «Կան մարդիկ, որոնք իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում` երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է։ Ուրախ եմ, որ այսօր այսպիսի առիթով ենք հավաքված, որտեղ նաև ընդգծում ենք, որ մենք արժեքները չենք մոռանում, մարդկանց վաստակը և ներդրումը չենք մոռանում»։

Վարչապետի խոսքով՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց համար անվան մարզադպրոցների բացումը միասին հավաքվելու լավ առիթ է:

«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում:

Այս ամենը առաջին հերթին գնահատանք է մեր մեծանուն մարզիկների վաստակին և Հայաստանին բերած համբավին, մյուս կողմից էլ՝ սա սպորտի մասսայականացման կարևոր գործիք է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:

Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում