Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը

Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին: ՄԻՊ-ը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով  ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին:

«Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաև բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի: Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ինչ, ստացվում է, քաղաքացին պարզ հասկացավ, որ  պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, և ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: «Օրինակ հարց՝ հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում»,-նշեց նա:

Թաթոյանն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-ասաց Թաթոյանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ: Ադրբեջանն այդ ընթացքում կիրառել է չթույլատրված զենքեր, դրանք կիրառել անգամ խաղաղ բնակչության դեմ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում