Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր (տեսանյութ)
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արամ Հովհաննիսյանը անձնակազմից պահանջեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։
Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։
Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։
Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Կարծիքներ