Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը մեր երկրների և մեր ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Ձեր գործունեությամբ մեկ անգամ ևս մեզ համար կարևորեցիք և՛ Ճապոնիայի դերը, և՛, իհարկե, Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Դա արեցիք նույնիսկ շատ առանձնահատուկ կերպով՝ Ձեր ոճով ներկայանալով մեր հանրությանը: Շնորհակալություն այդ ամենի համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ընդլայնելու ազատ, բաց, ինչպես նաև միջազգային համագործակցությունը՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Համոզված եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրներից մեկն է, որն այժմ ավելի ժողովրդավար է դառնում»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում