Ուկրաինայի տարբեր քաղաքներ զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել. ՌԴ-ն դա որակել է որպես վրեժ իր տարածք ներխուժման համար
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։ Պայթյուններ են եղել Կիևում, Խարկովում, ինչպես նաև տարբեր մարզերում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Լվովում։ Սա մեկ ամսվա ընթացքում ռուսական ուժերի առաջին զանգվածային հարձակումն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային վրեժխնդրության հարվածը» հասցվել է՝ ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից «Բրյանսկի մարզում կազմակերպված ահաբեկչական գործողության»:
«Օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի առանցքային տարրերին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև դրանք մատակարարող էներգետիկայի օբյեկտներին», - ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ խոցվել են թիրախավորված բոլոր օբյեկտները:
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին իր հերթին հայտարարել է, որ ռուսական ուժերն արձակել են տարբեր տեղակայման 81 հրթիռ: Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել կառավարվող ավիացիոն և զենիթային հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով: Ուկրաինայի ԶՈւ օդուժի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել է, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ է Ռուսաստանն այդքան մեծ թվով գերձայնային հրթիռներ («Կինժալ») օգտագործում:
Էներգետիկայի օբյեկտներին հասցված հարվածների պատճառով վթարային հոսանքազրկումներ են տեղի ունեցել Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերում:
Կիևում հարվածների հետևանքով 2 մարդ է վիրավորվել: Լվովի իշխանությունները հայտնել են, որ հրթիռն ընկել է բնակելի գոտում, հրդեհ է բռնկվել: Հայտնի է 5 զոհի մասին: Դնեպրոպետրովսկի մարզում զանգվածային հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» պետական ընկերությունը հայտնել է, որ գնդակոծության պատճառով ամբողջովին հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը:
Կարծիքներ