Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար:

 Առաջարկվող նախագծով` ուսումնական հաստատությանը վերապահվում է  սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթ:

Փորձարկվող ուսումնական պլանը կունենա երկու բաղադրիչ` պետական և դպրոցական։ Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական դպրոցներում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

Պետական բաղադրիչով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կսահմանվեն  պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կհատկացվի դպրոցի  կողմից սահմանված նախընտրելի առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ:

Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը կսահմանի  դպրոցը:

Դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը` որպես ուսումնական խմբակներ, կհատկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին` 8-11-րդ դասարաններում, ռազմամարզական ճամբարների ծրագրին` 10-11-րդ դասարաններում` ՆԶՊ-ի ուսուցման շրջանակում:

Փորձարկող դասարաններում ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից։

Ըստ առաջարկվող ուսպլանի` 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ կա՛մ անգլերենը, կա՛մ ֆրանսերենը,  կա՛մ գերմաներենը, կա՛մ էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու:

Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով։ Այդ նպատակով դպրոցում ձևավորվում են համապատասխան ուսումնական  խմբեր։

Դպրոցի՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան:

Ուսումնական պլանով տրված են պարզաբանումներ փորձարկման ծրագրում ներառված բոլոր դասարանների համար նախատեսված ուսումնական բնագավառների և դասավանդվող առարկաների  վերաբերյալ:

Առաջարկվում է փորձարկվող դասարանների ֆինանսավորումն իրականացնել`  հիմք ընդունելով  նոր չափորոշչի հիման վրա մշակված ուսումնական պլանը:

Շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի  փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը:

Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում էլ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համապատասխանաբար 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում