Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելը

Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելը

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս մասին հայտարարություն է տարածել. 

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

Ուստի, մարդու իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում