Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգվել է Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցը։
Այն կառուցվել էր խորհրդային տարիներին և կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել։
Հիմնանորոգումն իրականացրել է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։
Շինարարները նշում են, որ նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։
Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Կարծիքներ