Ասկերան համայնքի նախկին ղեկավարի և նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար. ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Ասկերան համայնքի նախկին ղեկավարի և նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար. ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար Հ.Շ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացվել է մեղադրանք այն բանի համար, որ նա այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվել է նշված ավտոմեքենայի նվիրատվության օտարման գործարք։

Քննությամբ պարզվել են նշված անձի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործության մասին նոր տվյալներ։

Մասնավորապես, «New Armenia Blog» ալիքում տարածված՝ «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ նշված խոսակցությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած Կ.Հ.-ի և վերջինիս ազգական, նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի միջև։

Պարզվել է, որ Կ.Հ.-ն, իր քրոջ թոռան՝ նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի կազմակերպմամբ, 2024թ. մայիսի 26-ին նախատեսվող հավաքին մասնակցելու նպատակով, նյութապես շահագրգռել է մի շարք անձանց և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մասնավորապես, Կ.Հ.-ն իր հարազատ Հ.Շ.-ի կազմակերպմամբ՝ յուրաքանչյուր անձի համար 6000 կամ 8000 ՀՀ դրամ, վառելանյութ, հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում՝ նաև սնունդ և ըմպելիքներ տրամադրելու պայմանով, 2024թ. մայիսի 21-ին համաձայնել է, կազմակերպվող հավաքին բազմամարդություն ապահովելու նպատակով, նյութապես շահագրգռել և այդ կերպ ապահովել Վարդենիս համայնքում փաստացի բնակվող, ծնունդով ԼՂ անձանց ֆիզիկական մասնակցությունը հավաքին:

Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Կ.Հ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցի վարորդի հետ, ինչպես նաև նյութապես շահագրգռել է թվով 17-ից 20 անձանց՝ վերոնշյալ գումարի և սննդի դիմաց մասնակցել կազմակերպվող հավաքին:

Հաշվի առնելով, որ նշված երկու դեպքերն առնչվում են միևնույն անձին, նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Հ.Շ.-ին ներկայացված մեղադրանքը լրացնելու և նրա նկատմամբ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-ի հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելը կազմակերպելը) քրեական հետապնդում հարուցելու, իսկ Կ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում