Պարեկային ծառայողը գործել է իրավաչափ. ոստիկանության պարզաբանումը համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ

Պարեկային ծառայողը գործել է իրավաչափ. ոստիկանության պարզաբանումը համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդվածի և տեսանյութի առնչությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է, որ պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ:

«Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով։

Այսինքն՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում։ Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ։

Հավելենք նաև, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն՝ չամրակապված վիճակում և առանց դիմակի մեքենա վարելու համար։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության և հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում