Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա, ուզում եք թեման վերածել քաղաքական կապիտալի. Ռւբինյանը՝ ընդդիմությանը
«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի»:
Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով եմ ասում»,- ասաց Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի մեղադրանքներին, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների առումով, Ռուբինյանը հակադարձեց:
«Պարո՛ն Ռուստամյան, ինչը հստակ չէ: Լո՞ւրջ եք ասում: Այսինքն՝ ինչ-որ մեկն այստեղ կասկածո՞ւմ է, որ Հայաստանի կառավարությունն ուզում է, որ գերիները վերադառնան, թե՞ չի ուզում: Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց բոլոր հայտարարություններում, իրենց բոլոր գործողություններում նշում են հայ ռազմագերիների, բոլոր պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը: Ի՞նչը հստակ չէ: Կամ որ պարոն Խաչատրյանն (Արթուր Խաչատրյան - խմբ.) ասում է՝ մենք լռում ենք»,- դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նշեց ԱԺ նախագահի տեղակալը:
Դիմելով Արմեն Ռուստամյանին՝ Ռուբինյանը հիշեցրեց՝ երբ Հռոմում էին, ԵԽԽՎ-ում բանաձևերից մեկում ընդգրկվել է կետ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին, ապա հարց ուղղեց՝ արդյոք կետն «իր լռությա՞ն, թե՞ չլռության արդյունքում է մտցվել»:
«2020 թվականից այս կողմ հարյուրավոր գերիներ են վերադարձել տարբեր փուլերում: Այդ փուլերից առաջ Ազգային ժողովը հայտարարությո՞ւն էր ընդունում, որ գերիները վերադառնում էին: Էլ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակներով ու այս լսումը հրավիրել եք»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրականում ռազմագերիներն ու պահվող անձինք կվերադառնան հայրենիք, թե ոչ, կախված է ոչ թե այս նիստից կամ ընդունելիք կամ չընդունելիք հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:
Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց մասնակցել միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերին, ԱԺ պատվիրակությունների այցերին ու ակտիվորեն լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:
Կարծիքներ