Իրանը Թրամփին կոչ է անում վերանայել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը»
Իրանն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, որը վարել է Դոնալդ Թրամփը, լիովին ձախողում է կրել: Մենք Թրամփի կառավարությանն առաջարկում ենք վերանայել իր սխալ քաղաքականությունը: Կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ և ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը՝ Իսլամական հեղափոխության բարձր իդեալներին համապատասխան», - ասել է նա։
Պատասխանելով ամերիկյան նոր վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ Իրանը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ «կանի ամեն բան Իրանի ժողովրդի շահերն ապահովելու համար»։ Հանրապետության կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնությունների տապալման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Թրամփի վրա։
Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը հայտարարել էր, որ Թրամփը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Ըստ CNN հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թրամփը Ստեֆանիկին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ:
Կարծիքներ