Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ:
Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն:
Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:
Կարծիքներ