Գերմանիան հրաժարվում է ռազմատուգանքներ վճարել Հունաստանին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մերժել է Հունաստանին ռազմատուգանքներ վճարելու պահանջները․ հարցը բարձրացրել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան Շտայնմայերին ընդունելով Նախագահական պալատում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Շտայնմայերը եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում։ Այցն սկսվել է հոկտեմբերի 29-ին՝ Սալոնիկ քաղաք կատարած այցով: Հոկտեմբերի 30-ին Շտայնմայերը Աթենքում հանդիպումներ է անցկացնում Հունաստանի նախագահի և վարչապետի հետ։
Հեռուստախցիկների առջև տեղի ունեցած երկխոսության ընթացքում Սակելարոպուլուն բարձրացրել է Գերմանիայի կողմից ռազմատուգանքների հարցը։
«Սա կարևոր հարց է հունական պետության համար, որը մնում է չլուծված: Կարևոր է քննարկել անցյալի խնդիրները», - ասել է Սակելարոպուլուն:
Գերմանիայի նախագահը պատասխանել է, որ իր երկրի համար այս հարցը իրավաբանորեն փակված է։
«Ռազմատուգանքների հարցում մեր իրավական դիրքորոշումները տարբեր են, և Դուք դա գիտեք: Մենք կողմ ենք այն կարծիքին, որ իրավական տեսակետից այս հարցը համարվում է փակված։ Սակայն մենք հավատարիմ ենք մնում մեր պատմական պատասխանատվությանը ոչ միայն Սալոնիկի (որտեղ զոհվել է հրեական համայնքի մեծ մասը) նկատմամբ, այլ նաև այլ վայրերի։ Հենց դա է ինձ դրդել հանդիպել Սալոնիկում մնացած մարդկանց հետ, հրեական համայնքի հետ և քննարկել, թե մենք ինչպես կարող ենք զոհվածների հիշատակին հուշարձան ստեղծել», - ասել է Շտայնմայերը:
Հունաստանը ձգտում է հասնել Գերմանիայից 309,5 միլիարդ եվրո ռազմատուգանքի վճարման Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հասցված վնասի համար և 9,2 միլիարդ եվրոյի՝ Առաջին համաշխարհային պատերազմի համար։ Բացի այդ, երկիրը պահանջում է ավելի քան 107,2 միլիարդ եվրոյի փոխհատուցում զոհերի և մարդկանց հաշմանդամության համար: Բեռլինը հրաժարվում է վճարել՝ հայտարարելով, որ վաղուց է փոխհատուցել վնասը։
Կարծիքներ