ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է այս օրերին Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ, քննարկել համագործակցության հեռանկարները:
Բարձր գնահատելով ՎԶԵԲ հետ երկարատև ու արդյունավետ գործընկերությունը քաղաքային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում՝ Սուրեն Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության հետ համաձայնագրերով ՎԶԵԲ-ի կողմից ներդրումներ են իրականացվում մետրոյի արդիականացման, էներգախնայողության և քաղաքային լուսավորության, հանրային փոխադրամիջոցների բնագավառներում: Մասնավորապես, համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ մայրաքաղաքի ավտոբուսային շարժակազմը համալրել 87 արդիական և «կանաչ» ավտոբուսներով:
«Հաշվի առնելով Երևանում տրանսպորտային բարեփոխումների ծավալուն և հեռանկարային օրակարգը՝ ներկայումս նախագծվում է Երևանի էլեկտրական շարժունակության ծրագիրը. 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում, լիցքավորման կայանների կառուցում և առնչվող այլ աշխատանքներ: Ծրագիրն ունի կլիմայական լուրջ բաղադրիչ: Ծրագրի առնչությամբ ակտիվ քննարկումներ ենք տանում միջազգային գործընկերների հետ: Պատրաստակամ ենք այս ծրագրի շրջանակում գործակցել նաև ՎԶԵԲ հետ»,- ընդգծել է Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այս օրերին Երևանն առաջին անգամ հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը և ներդրումային համաժողովը, որի կազմակերպման գործում իր ներդրումն ունի նաև նախկին փոխվարչապետ և ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ինֆրա-Եվրասիա» ՎԶԵԲ կայուն ենթակառուցվածքի խմբի տնօրեն Եկատերինա Միրոշնիկը, կարևորելով ծրագրերի առաջնահերթությունները, ընդգծել է փոխգործակցության շարունակականության ապահովումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը:
Կարծիքներ