Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ։ «Ֆեյսբուքի» էջում նա գրառում է կատարել՝ նշելով, որ քննարկվելու են առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:

Նախագահն ընդգծել է, որ հնարավորություն է տեսնում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու։ Նրա խոսքով՝ բոլորի ջանքերը պետք է համատեղվեն հանուն հայրենիքի անվտանգության, զարգացման և ժողովրդի բարօրության:

«Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, որը պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»,- գրել է Հարությունյանը:

Նա հորդորել է բոլորին համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլև բռնել երկարատև զարգացման ու զորացման ուղին։ Ըստ նրա՝ «արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար» սա միակ ճանապարհն է:

«Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը, և ուս ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- եզրափակել է նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում