Վեհափառը չի կարող իր քաղաքական համակրանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել Հայ եկեղեցին.Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շաբաթներ առաջ՝ շատերի համար անսպասելի Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը համազգային համերաշխությանն ուղղված մի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Վեհարանում կազմակերպեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպում։ Անկախ գաղափարի և որոշ դերակատարների նկատմամբ խորը վերապահումից և առաջին իսկ փորձի ձախողումից, առաջին զգացողությունը, որ ապրեցինք շատերս՝ հայրենիքում և սփյուռքում, Հայաստանում ստեղծված ներհասարակական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Վեհափառի անհանգստությունն էր, նրա անկեղծ ցանկությունը ինչ որ բան փոխել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցին որոշել է ներկայացուցիչ ուղարկել «ընդդիմության» հանրահավաքին՝ անխոհեմ որոշում, որն ամբողջությամբ չեզոքացրեց Գարեգին վեհափառի՝ հանուն ազգային համերաշխության կազմակերպած Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպման հայտարարված նպատակը։
Վեհափառը կարող է չսիրել Հայաստանի ղեկարարին, վեհափառը կարող է անձնական հակակրանք ունենալ Փաշինյանի, նրա շրջապատի, քաղաքական մյուս դերակատարների հանդեպ։ Որևէ մեկը չի կարող քննարկել, վիճարկել կաթողիկոսի անձնական համակրանքներն ու հայակակրանքները։ Բայց Վեհափառը չի կարող անհաշտ լինել ժողովրդի, նրա ընտրության հետ, որովհետև այն ինչով զբաղված են նրա հովանավորյալ «քաղաքական» ուժերը ոչ այլ ինչ է, քան պայքար սեփական ժողովրդի, այդ ժողովրդի ընտրության դեմ։
Վեհափառը չի կարող իր քաղաքական համակարանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել Հայ եկեղեցին, պատճառ դառնալ, որ եկեղեցու հազարավոր զավակներ վեհափառի անձնական համակրանքների և հակակրանքների պատճառով տատամսեն եկեղեցի հաճախել, դադարեն եկեղեցական ծեսերին և արարողություններին մասնակցել։
Քավ լիցի, Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում:
Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զերծ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի իշխանությանը:
Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է եկեղեցին հանրության հետ իր երկխոսությամբ:
Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է Հայ եկեղեցու հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:
Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ:
Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե հարաբերական արդյունավետությամբ, աչքի են ընկնում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորող խմբերը, իրենց հոգևորս գործունեության մեջ հաջողում աղանդավորական խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ նկրտումներում որևէ շանս:
Իսկ առհասարակ, եկեղեցու հովիվներին՝ Ամենայն հայոց հայրապետից մինչև քահանաներ, սարկավագ ու դպիրներ, խնդրում եմ, հանուն Հայ եկեղեցու միասնականության և հարատևության ու հավերժության, թողեք այդ քաղաքական պայքարները, այցելեք 30 տարի մոռացության, աղքատության և անորոշության մատնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանի նոսրացած ու մեծապես ծերացած բնակիչները բացի մեզ՝ քաղաքական գործիչներիս հասցեագրված և վերաբերող նյութական, տնտեսական և քաղաքական հարցերն ու կարիքները, ունեն խորը հոգևոր և իմացական խոսքի կարիք, հոգևոր սննդի կարիք։
Կարծիքներ