Տուն հյուր գալու դեպքում երբևէ ձևացրե՞լ եք՝ տանը չեք. պոլսահայերը բողոքի ձայն են բարձրացրել

Պոլսահայերի «Հանրային նախաձեռնություն» խումբը բողոքի ձայն է բարձրացրել Պոլսո Հայոց պատրիարքի դեմ։
Տեսաուղերձում նրանք մասնավորապես ասում են.
«Այժմ մի քանի պարզ հարց ենք հղում Ձեզ. ի՞նչ է քաղաքավարությունը, ի՞նչ է դիվանագիտությունը, ի՞նչ է արարողակարգը, ո՞րն է Թուրքիայի հայերի՝ պետության կողմից ճանաչված միակ ներկայացուցչությունը։
Պատրիարքական աթոռը պետք է հարգել, այնպես չէ՞, ուրեմն վարչապետականը նույնպես արժանի՞ է հարգանքի։
Այդ դեպքում ավելի պարզ լեզվով ասենք. տուն հյուր գալու դեպքում երբևէ ձևացրե՞լ եք, թե տանը չեք։ Վերջերս բոլոր նման հարցերի պարզ պատասխանները մոռացնող ինչե՞ր եղան։
2025 թվականի հունիսի 20-ին Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին աշխատանքային հանդիպումը։ Բազմաթիվ առումներով այցը ոչ միայն պատմական էր, այլև ուներ քաղաքական, դիվանագիտական և խորհրդանշական կարևորություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ Բ. Մաշալյանը տեղում չէր։ Նիկոլ Փաշինյանը պատրիարքարան մտնելու հնարավորություն չունեցավ։ Եկեք միասին խախտենք մեր լռությունը. բողոքի ձայն բարձրացնենք, ընդդիմանանք, պարզաբանում պահանջենք։ Չասենք՝ ինչպիսին ընտրությունն է, այնպես էլ ներկայացվածությունը։
Պահանջենք ավելին։ Լռությունն այլևս այլընտրանք չէ: Պոլսահայ համայնքը հարցնում է: Պարզաբանում ենք պահանջում Լավ ներկայացվելը մեր իրավունքն է»:
Կարծիքներ