Զալուժնին ասել է, որ Մեծ Բրիտանիայում ավարտվել է ուկրաինացի ռազմական օդաչուների վերապատրաստումը
Ուկրաինացի ռազմական օդաչուների խումբը, ովքեր վերապատրաստում են անցել Բրիտանիայում, ավարտել են դասընթացը և շուտով կժամանեն Ուկրաինա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։Նա մասնակցել է Մեծ Բրիտանիայում վերապատրաստված Ուկրաինայի զինված ուժերի օդաչուների 3-րդ խմբի ավարտական արարողությանը։
«Հուսով եմ, որ նրանք լավ են պատրաստվել, և հրահանգիչները չեն հիասթափվել, ամեն դեպքում, շատ շուտով այս տղաները կմասնակցեն մարտական գործողություններին», - ասել է Զալուժնին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը կերկարաձգի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման «Ինտերֆլեքս» ծրագիրը մինչև 2025 թվականի վերջ։ Նշվում է, որ 2022 թվականին, դրա մեկնարկից ի վեր, այս ծրագրի շրջանակներում Բրիտանիան արդեն վերապատրաստել է ավելի քան 45 հազար ուկրաինացիների։
«Ինտերֆլեքս» ուսումնական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսին։ Բացի Մեծ Բրիտանիայից, ծրագրի մասնակիցների թվում են Բալթյան երկրները, Ավստրալիան և Կանադան:
Կարծիքներ