Արգենտինան հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և դարձավ ԱԱ 2022-ի չեմպիոն
Կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ խաղը, որն անցկացրին գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված, որը վստահ իրացրեց Մեսսին։
36-րդ րոպեին Դի Մարիան կրկնապատկեց հաշիվը։
Խաղի երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեցին ֆրանսիացիները։ Մբապեն ուժեղ հարված կատարեց տուգանայինի մատույցներից, գնդակը վերև ընթացավ։
Խաղի 80-րդ րոպեին Մբապեն անվրեպ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցը, իսկ մեկ րոպե անց տուգանայինի մատույցներում Թյուրամի փոխանցումից հետո ստացավ գնդակն ու այն ուղարկեց Մարտինեսի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում՝ 109-րդ րոպեին, Մեսսին մոտ տարածությունից գրավեց Լյորիսի դարպասը։
Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ հաշիվը դարձնելով 3-3։
11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Արգենտինայի հավաքականը և հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։
Կարծիքներ