Բորելն ընդգծել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեփ Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
«Գերագույն ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցներում շեշտել է խաղաղության և հաշտեցման հաստատման կարևորությունը, և այս առումով՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը», – նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ երկու զրույցներում էլ Բորելը «հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա ջանքեր գործադրել հակամարտության տևական խաղաղ կարգավորման ուղղությամբ և կանխել մարդկային հետագա տառապանքները»:
«Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագա մարդասիրական օգնություն տրամադրել՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն իսկ տրամադրել է գրեթե 1 միլիոն եվրո արտակարգ օգնության համար», – նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ