Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին

Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին

Արդի ժամանակներում հասարակությունը մեծ վստահություն ունի ինֆլուենսերների նկատմամբ: Եթե հավանության է արժանանում որևէ բլոգերի առաջարկած կոնտենտ, միաժամանակ վստահություն է ստեղծվում նաև նրա խոսքի նկատմամբ: Սակայն միշտ չէ, որ բլոգեր-հանրություն կապը հիմնված է լինում իրական անկեղծության վրա։

Բլոգեր-լրագրող Զառա Ղազարյանը, օրինակ, «Ինստագրամ»-ի իր էջում բարձրաձայնել է ինֆլուենսերների միջոցով խարդախության դեպքերի ակտիվացման մասին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա մանրամասնում է՝ նմանատիպ դեպքերի վերաբերյալ մարդիկ սկսել են ահազանգել իրեն։ Սկզբում այլ բլոգերի գովազդի հետևանքով խարդախության մեջ հայտնվելու մասին մի նամակ է ստացել, որն այդքան էլ վստահություն չի ներշնչել, հետո դրանք գնալով ավելացել են:

«Անհատապես կապի դուրս եկա տվյալ անձանց հետ ու հասկացա, որ խնդիրը լուրջ է։ Մի քանիսի դեպքում, օրինակ, մեխանիզմը այսպես էր եղել․ ինստագրամյան հայ բլոգերներից մեկը գովազդել էր «Վայլդբերրիս» ռուսական խանութի այն հնարավորությունը, որով մարդիկ կարող են ռուսական հասցեի միջոցով էժան ապրանքներ պատվիրել։ Վստահել են բլոգերի խոսքին, դիմել տվյալ ծառայությանը, որը իքս ապրանքը ստանալու համար նախ ասել է, որ գումարը փոխանցեն, ու երբ եկել է ապրանքը ստանալու օրը, տվյալ էջը անհետացել է, ու պատվեր գրանցած անձինք չեն կարողացել կապ հաստատել»,- ասում է նա:

Այս իրավիճակում հայտնված անձանց մի մասը Զառային դիմելուց բացի, դիմել է նաև տվյալ բլոգերին, որոշներն էլ տեղեկացրել են, որ պատրաստվում են ոստիկանություն ահազանգել։

Զառա Ղազարյանը նկատում է՝ եթե մարդիկ անհրաժեշտ չափով մեդիագրագետ լինեին, կհասկանային, որը տվյալ էջը այդքան էլ վստահություն չի ներշնչում, քանի որ այն նոր է բացված եղել, չի ունեցել հետևորդներ։ 

«Այս պարագայում պետք է բլոգերը ևս ցուցաբերեր սոցիալական պատասխանատվություն։ Որևէ բան գովազդելուց առաջ նաև կարևոր է, որ ստուգումներ անցկացնես, հասկանաս՝ ինչ է։ Մի քանիսը, որոնք դիմել են տվյալ ծառայությունը գովազդած բլոգերին, նա ինֆորմացրել է, որ ինքը ևս կապը կորցրել է այդ գործատուի հետ, ներողություն է խնդրել, ասել՝ ամեն ինչ կանի, որ փորձի օգնել։ Ինձ ասացին, որ եղել է դեպք, երբ մի քանի անձի գումարը բլոգերին դիմելուց հետո որոշ չափով հետ է վերադարձվել, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել»,- նշում է նա:

Բլոգեր-լրագրողը շեշտում է՝ ինֆլուենսերը այն անձնավորությունն է, որը ունի մեծ լսարան ու որոշակի ազդեցություն հասարակության շրջանում։ Երբ այդ ոլորտի անձինք գնում են նման քայլի, ստացվում է, որ չեն կարևորում իրենց հետևող մարդկանց վստահությունը։

Մյուս կողմից էլ նա չի բացառում, որ կարող է խարդախ գործատուն այնպես կազմակերպել ու պատվիրել գովազդը, որ նույնիսկ ոլորտում մեծ փորձառություն ունեցող բլոգերը չհասկանա, որ խարդախություն է։ Ամեն դեպքում, ըստ նրա, այս պարագայում տվյալ բլոգերները չպետք է լռեն, խոսեն խնդրի մասին և փորձեն օգնել ֆինանսապես տուժած անձանց․ «Ես ինքս էլ խարդախության զոհ եմ դարձել, իմ դեպքում դա եղել է դրամահավաք։ Այդ դրամահավաքի էջում նաև ինձ ծանոթ բլոգերներն էին մեկնաբանություն թողել, ես նույնպես վստահեցի, բայց հետո պարզվեց, որ պարզապես խարդախություն էր ու գումարի շորթում»։

Զառա Ղազարյանը ընդգծում է՝ ինքը, օրինակ, գովազդատու գործատուի հետ համագործակցում է, երբ առաջարկը ստանում է պաշտոնական էջից, այնուհետև պայմաններն է քննարկում, և թափանցիկության միջավայրում համագործակցությունը կայանում է։ Նրա համոզմամբ՝ եթե լինի թափանցիկություն, ապա խարդախության դեպքերը միանշանակ կնվազեն։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նաև խարդախությունից տուժած անձանցից մեկի քրոջ հետ, որը, սակայն, նախընտրել է մնալ անանուն։ Նա բլոգերի ով լինել ևս չի ցանկացել ամբողջությամբ բացահայտել՝ միայն հայտնելով, որ անունը Նանո է:

«Քույրս նրա էջում էժան բոթասների էջ էր տեսել, ասաց՝ պատվիրել է, ասացի՝ հաստատ խաբեություն է։ Ինձ չլսեց, հետո տվյալ բլոգերի էջում տեսանք, որ մարդկանց տեղեկացրել է, թե այդ էջը մարդկանցից գումար է վերցրել ու փակվել։ Այդպես քույրս ու լիքը անձինք, որոնք պատվիրելու համար վճարել էին, դարձան խարդախության զոհ»,- պատմում է տուժած անձի քույրը:

Մեկ այլ քաղաքացի էլ՝ Մարիամ Հ.-ն, մեկ այլ բլոգերի արած՝ հենց «Վայլդբերրիս»-ում առկա ապրանքների վերաբերյալ գովազդի հետևանքով է տուժել։ Նրա խոսքով՝ տվյալ բլոգերի էջում տեսել է, որ վերջինս գովազդում է լաքահանիչ նյութ, որը նաև մատչելի է եղել, որոշել է պատվիրել, սկզբում գումար են ուզել, փոխանցել է, որոշ ժամանակ անց նկատել է, որ էջը չկա։ Մարիամը դիմել է բլոգերին, սքրիններ ուղարկել։ Բլոգերը տեղեկացրել է, թե ինքն էլ չի կարողանում այդ անձանց հետ կապ հաստատել, երբ Մարիամը ասել է, որ կդիմի ոստիկանություն, բլոգերը գրել է, որ կփոխանցեն գումարի մի մասը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ խարդախությունից խուսափելու համար բլոգերը նախ պետք է գնա հստակ քայլերի․ եթե աշխատում է որևէ ընկերության կամ ԱՁ-ի հետ, որը գտնվում է Հայաստանում, ապա պետք է նրա հետ պայմանագիր ունենա, հաշվապահական գործողություններ անի՝ հարկերի վճարների հետ կապված։ Ամեն դեպքում, ըստ Մարտիրոսյանի, եթե արդեն նման դեպք է տեղի ունեցել, բլոգերը պետք է ևս համագործակցի ոստիկանության հետ, այլ ոչ թե լռի։

«Եթե այն ընկերությունը, կամ անձնավորությունը, որը գովազդել է ինֆլուենսերը, բայց մարդիկ են խաբվել, հնարավոր է գտնել, եթե մարդիկ դիմեն ոստիկանություն։ Շատ հաճախ նման դեպքերում ոչ թե իրավապահներին են ահազանգում, այլ բլոգերին են մեղադրում կամ էլ ֆեյսբուքյան էջում գրառման միջոցով բացահայտում են դրա մասին։ Բլոգերը մայրուղու վրա տեղադրված սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ, եթե ինչ-որ բան գովազդվում է, ապա պետք է դրա համար պատասխանատվություն էլ կրի»,- ասում է նա։

Շատ դեպքերում, ըստ մեդիափորձագետի, սկսնակ բլոգերները ուշադրություն են դարձնում միայն այն գումարին, որը կարող են ունենալ տվյալ համագործակցության միջոցով, այդպիսով հետին պլան է մղվում մեդիագրագիտությունը․ «Գովազդող բլոգերը պետք է նաև իր կերպարի մասին մտածի. եթե շարունակի խարդախ բաներ գովազդել, երկար կյանք չի ունենա գովազդներ մատուցելու ասպարեզում»։

Վերջինս նկատում է՝ հայ հասարակությունը վերջին շրջանում որոշ չափով գուցե ավելի շատ է դարձել մեդիագրագետ, սակայն ներկա ժամանակներում խաբեությունների մեխանիզմներն այնպես են զարգացել, որ անգամ մեդիագրագիտությունն էլ կարևոր դեր չի ունենում։

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ բլոգերների գովազդի հետևանքով առաջացած խարդախության դեպքերը առանձին հանցատեսակ չեն դիտարկվում, դրանք հաշվվում են խարդախության ընդհանուր դեպքերի հետ։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մանրամասնել էր՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13.4 տոկոս, 2019-ին՝ 4,490, 2020-ին՝ 4,077, 2021-ին՝ 4407, 2022-ին՝ 5,080, 2023-ին՝ 6,116, ինչը հիմնականում պայմանավորված է եղել խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքերի արձանագրմամբ:

Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին խարդախությունների դեպքերը միջինում աճել են 14 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում