Կարկտահարության հետեւանքով Լուսակերտ գյուղում վնասվել է մոտ 370 հա ցանքատարածք ու մի քանի տանիք
Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում երկու օր առաջ տեղացած կարկուտը նախնական հաշվարկով վնասել է մոտ 370 հեկտար ցանքատարածք ու մի քանի բնակելի տների տանիք։ Այս մասին ասաց համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը։
Կարկտահարվել են հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Վնասի չափը դեռ ճշտվում է, բայց նախնական հաշվարկով, ըստ Լուսակերտի համայնքի ղեկավարի՝ 60%-ով վնասվել է կարտոֆիլի դաշտերը, 70%-ով՝ցորենինը, 90%-ով էլ գարիինը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։
Շիրակի մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը գյուղապետարանի մասնագետների հետ մեկտեղ վնասի ուսումնասիրություն է կատարում։ Ըստ համայնքի ղեկավարի, գյուղի տարածքում տեղադրված է 6 հակակարկտային կայան, բայց կարկուտը հակառակ ուղղությամբ է եղել, որին ուղեկցել է փոթորիկ։
«Երբ հակառակ ուղղությամբ է կարկուտ գալիս, այդ դեպքում հակակարկտային կայանների արդյունավետությունը նվազում է»,– ասաց Սամվել Բալաբեկյանը՝ հավելելով, որ համայնքում չկա մեկը , որի բերքը փրկված լինի։
Մոտ 30 րոպե տեղացած կարկուտից մեծ վնասներ է կրել Հովհաննես Մնացյանը։ Նրա՝ 0,5 հա կարտոֆիլի ու 1 հա ցորենի դաշտերն ամբողջությամբ մնացել են կարկուտի տակ։
«Կարտոֆիլի դաշտը հնարավոր է վերականգնել, բայց դե շատ հեռուն կգնա, ցրտերը կընկնեն արդեն։ Վարկ էի վերցրել ու Ռուսաստանից ներկրված ցորենի սերմացու գնել, նորմալ սերմ էր ընկել ձեռքներս ուզում էինք լավ լիներ, բայց... Չգիտեմ կքաղե՞նք, թե ոչ, բայց որ քաղվի էլ, մեկ է՝ մեջից բան դուրս չի գա»,– ասաց Հովհաննեսը։
1 հա ցորենի դաշտը մշակելու համար Հովհաննեսը 220 000 դրամի ծախս էր արել։ Միայն ցորենը հավաքելուց հետո կարող է ասել, թե ինչքան վնաս է կրել։
Հովհաննեսը փոխհատուցման ակնկալիք ունի, դեռ սպասում է վնասված ցանքերում ուսումնասիրության ավարտին, որից հետո միայն կարող են Կառավարությանը դիմել։
Կարծիքներ