Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը։
«Եվ այսօր ես ուրախ եմ ձեզ հայտնել ևս մի բան: Մենք շուտով Կապիտոլիումում հյուրընկալելու ենք վարչապետ Նեթանյահուին Կոնգրեսի համատեղ նիստում: Այո: Դա կլինի ժամանակին և, ինչպես ինձ թվում է, Իսրայելի կառավարությանն աջակցության ուժեղ ցուցադրություն նրանց համար ամենադժվարին պահին», - ասել է հանրապետական խոսնակը Իսրայելի դեսպանատանը կայացած ամենամյա ընդունելության ժամանակ։
Ջոնսոնն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ խոսել է Նեթանյահուի հետ, և որ իրենք աշխատում են համաձայնեցնել Իսրայելի վարչապետի՝ Կոնգրեսի առջև համատեղ ելույթի ժամկետը: Այս նախաձեռնության համար պահանջվում էր Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի աջակցությունը, որն արդեն տվել է իր համաձայնությունը:
Վերջին շրջանում ԱՄՆ վարչակազմի և Իսրայելի ղեկավարության միջև լարվածություն է առաջացել, քանի որ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի բազմաթիվ տեղահանվածների համար ապաստան դարձած Ռաֆահ քաղաքում, իսկ ԱՄՆ-ն բազմիցս կոչ է արել անել ավելին՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։
Կարծիքներ