ԵՄ երկրները մոտ 6 մլն աշխատատեղ են կորցրել համավարակի պատճառով
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրամիության երկրները զրկվել են 5,7 մլն աշխատատեղից: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ասվում է Կյանքի և աշխատանքի պայմանների բարելավման հարցով եվրոպական հիմնադրամի Eurofound հաշվետվության մեջ:
«2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության տարածքում աշխատանքային զբաղվածություն է ունեցել 5,7 մլն-ով ավելի քիչ մարդ, քան 2019 թվականի 4-րդ եռամյսակում, մինչդեռ գործազրկության մակարդակը ԵՄ-ում 6,6 տոկոսից աճել է 6,7 տոկոսի»,- ասվում է փաստաթղթում:
Eurofound-ի տվյալներով՝ համավարակի պատճառով ավելի շատ տուժել են երիտասարդ աշխատակիցները: Երիտասարդության զբաղվածության մակարդակը համավարակի ընթացքում կրճատվել է ավելի շատ, քան 2008-2009 թթ.-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
ԵՄ երկրներից առավելապես տուժել են Ֆրանսիան, Լեհաստանը, Իտալիան և Հունաստանը: Ներկայիս ճգնաժամը մեծապես խոցել է այն ոլորտները, որոնցում մեծ է կանանց զբաղվածությունը: Խոսքը զբոսաշրջային, հասարակական սննդի և անշարժ գույքի ոլորտների մասին է:
Կարծիքներ