Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ծայրահեղ աջերն առաջատար են
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքների նախնական գնահատականներով՝ առաջատարն ազգայնական «Ազգային միավորումն» է, որը հավաքել է ձայների 33%-ը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆրանսիական լրատվամիջոցներից։
Ծայրահեղ աջերին հաջորդում է ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ ստանալով ձայների 28,5%-ը։ Նախագահամետ «Միասին» կոալիցիան ձայների 22%-ով երրորդ տեղում է։
Այս տվյալները հրապարակել է BFMTV հեռուստաալիքը։ Ֆրանսիական տարբեր լրատվամիջոցների մոտ արդյունքները փոքր-ինչ տարբերվում են։ Սակայն թվերի հաջորդականությունը մոտավորապես նույնն է և ցույց է տալիս «Ազգային միավորման» հստակ գերազանցությունը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,5%, հեռուստաալիքի տվյալներով՝ սա ռեկորդային արդյունք է 1981 թվականից ի վեր։
Առաջին արդյունքների հրապարակումից մի քանի րոպե անց «Ազգային միասնության» առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ ֆրանսիացիները ցույց տվեցին իրենց կամքը՝ յոթ տարի հետո շրջել իշխանության արհամարհական և կործանարար էջը:
Ընտրական ընթացակարգի համաձայն՝ եթե թեկնածուն առաջին փուլում ստանում է ձայների մեծամասնությունը մասնակցության ավելի քան 25%-ի դեպքում, ապա նա անմիջապես խորհրդարանում տեղ է ստանում։ Իսկ եթե ոչ մի թեկնածու չի ընտրվում, անցկացվում է երկրորդ փուլ։
Երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։
Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական սոցիալ-լիբերալ Վերածնունդ կուսակցության պարտության պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույն օրը հայտարարեց Ազգային ժողովը ցրելու մասին և նշանակեց արտահերթ օրենսդրական ընտրություններ։
Կարծիքներ