Բայդենը չեղարկում է Թրամփի սահմանած օրինական ներգաղթի արգելքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի չեղարկել է արգելքը, որն իր նախորդ Դոնալդ Թրամփը սահմանել էր ԱՄՆ քաղաքացիների եւ բնակիչների ընտանիքների անդամների, ինչպես նաեւ տարբեր տեսակի վիզային վիճակախաղերով հայցորդների օրինական ներգաղթի համար, հայտնում է Politico.
Բայդենի հայտարարության մեջ նշված է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը գրին քարտի հայցորդների եւ օտարերկրացի ժամանակավոր աշխատողների մուտքի արգելքի մասին «չի նպաստում ԱՄՆ շահերի առաջմղմանը»:
«Հակառակը՝ վնաս է հասցնում Միացյալ Նահանգներին, այդ թվում թույլ չտալով ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների որոշ անդամների եւ օրինական մշտական բնակիչների միանալ այստեղ իրենց ընտանիքների հետ: Դա նաեւ վնաս է հասցնում ԱՄՆ արդյունաբերությանը, որն օգտագործում է ամբողջ աշխարհի տաղանդավոր մարդկանց: Եվ դա վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք ընտրվել էին հայտ ներկայացնելու հնարավորություն ստանալու համար, նաեւ նրանց, որոնք 2020 ֆինանսական տարվա շրջանակում «Բազմակերպության վիզաների վիճակախաղով» (Diversity Visa Lottery) նույնպես ներգաղթի վիզաներ էին ստացել»,- նշված է Ջո Բայդենի հայտարարության մեջ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը այս արգելքը հիմնավորել էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամերիկացի աշխատավորների եւ ամերիկյան աշխատաշուկայի պաշտպանության անհրաժեշտությամբ:
Վերջին շրջանում բիզնես խմբերը, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտը եւ ներգաղթյալների իրավունքների պաշտպանները մտահոգություն էին հայտնում, որ Բայդենի վարչակազմը չի խոսել արգելքը վերացնելու որեւէ ծրագրի մասին, որը մտցվել էր ապրիլին, այնուհետեւ ընդլայնվել հունիսին:
Կարծիքներ