Լուսաշող համայնքում երիտասարդական կենտրոն է բացվել
Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Այս մասին հյայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Ն․ Գ․ Նիկո Սխերմերսը։
Ծրագիրը կյանքի է կոչվել «Լուսաշող համայնքային զարգացման» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան և Ֆրանսիայի Սբ․ Մեսրոպ Արաբյանի անվան դպրոցի սաների ծնողների աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է խթանել Լուսաշող գյուղական համայնքում պատանիների և երիտասարդների ակտիվ քաղաքացիության հմտությունների զարգացումը, բարձրացնել հանրային պատասխանատվությունը և սեփական ներուժի դերի գիտակցումը համայնքային կյանքի առաջընթացի գործում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ կենտրոնը կդառնա Լուսաշող համայնքում երիտասարդական ներուժի բացահայտման, զարգացման և իրացման առանցքը: Նախարարի տեղակալը կարևորել է կենտրոնի ստեղծման՝ տեղական նախաձեռնություն լինելու հանգամանքը և տեղական ինքնակառավարման մարմնի հետ համագործակցությունը:
Դիմելով ներկա պատանիներին ու երիտասարդներին՝ փոխնախարարն ասել է. «Դուք ապրում եք Հայաստանի ամենագեղեցիկ եզերքներից մեկում, լա՛վ սովորեք, սիրե՛ք ձեր համայնքը և ձեր ապագան կապե՛ք այս համայնքի հետ՝ ձեր բաժին քարը դնելով հայրենիքի շենացման ճանապարհին»:
Ծրագիրն իրականացվել է երկու շրջափուլով՝
1․ «Ես՝ իմ համայնքում» նախաձեռնության շրջանակում երեխաների համար կազմակերպվել են դասընթացներ, գնվել են գրքեր, սպորտային պարագաներ, ինտելեկտուալ խաղեր:
Ծրագիրն իրականացվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի՝ «Երիտասարդական նախաձեռնությունների» շրջանակում (2021թ․ ապրիլ-հունիս):
2․ «Ներառականություն և հավասար հնարավորություններ աղջիկներին համայնքային կյանքում» ծրագրի շրջանակում իրականացվել է համայնքապատկան շենքի վերանորոգում։
Միտված երիտասարդների և պատանիների զբաղվածության ապահովմանը՝ կենտրոնում կկազմակերպվեն ինքնազարգացման դասընթացներ և խմբակներ՝ «Կյանքի հմտություններ», «Մասնագիտական կողմնորոշում», «IT հմտություններ», «Գյուղատնտեսական հմտություններ», «Ակտիվ քաղաքացիություն» թեմաներով:
Կենտրոնի բացումը հիմք կդառնա համայնքային հետագա նախաձեռնությունների համար։
Կարծիքներ