Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները:
«Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն առարկայական լուծումներ են տալիս տարիներով կուտակված խնդիրներին, այլև նպաստում են ինստիտուտների կայացմանը: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու առաջարկել հիմնարար լուծումներ: Նշված երկու ոլորտների կայացման արդյունքում միայն կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց լավ կզգան»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոնիա Զդորովցոֆֆը նշել է, որ Լիոնում գործում է բավականին հաջողված տրանսպորտային համակարգ՝ կառավարման կենտրոնով, որը հաստատ կհետաքրքրի Երևանին:
«Մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ՝ հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետի տեղակալը:
Զրուցակիցները պայմանավորվել են առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ:
Կարծիքներ