«Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»․ Հունաստանի արտգործնախարար

«Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»․ Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական «Asharq Al-Awsat» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է՝ թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Լրագրողի այն հարցին, թե Հունաստանի վարչապետի այդ հայտարություններն ինչ են նշանակում, Դենդիասը պատասխանել է.

«Միցոտակիսի և Էրդողանի միջև հանդիպումն արտասովոր լավ է անցել և այն օգնել է, որ հալչի սառույցը երկու երկրների միջև»:

Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանի համար մեծ կարևորություն ունի այն, թե Էրդողանը հուլիսի 20-ին Կիպրոսում ինչեր կանի և ինչ հայտարարություններ կունենա:

Ինչ վերաբերում է վերջին ժամանակաշրջանում Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած «երկու պետության սկզբունքին», Հունաստանի արտգործախարարն ասել է.

«Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելուն մենք, իհարկե, դեմ ենք։ Դեմ է ոչ միայն Հունաստանը կամ Կիպրոսը, այլև դեմ են միջազգային իրավունքի օրենքներն ու ՄԱԿ-ի ԱԽ որոշումները»:

Նրա խոսքով՝ Թուրքիայի այդ առաջարկը Կիպրոսի հարցի լուծում չէ և հակասում է միջազգային իրավունքին: Լուծման ուղին կղզու միավորումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում