Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

Հունվարի 11-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով:

 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված լոլիկի մարինադն է: Այս պահին հիվանդները գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում և ստանում բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

 

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

 

• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

 

Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն:

 

Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում