Որևէ հեռուստաալիք, որևէ հեռուստահաղորդում փակելու միտում չկա, խրախուսվում է լավ արտադրանքը. Մխիթար Հայրապետյան
Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը գալիս է ոչ թե որևէ հեռուստաալիք, որևէ հեռուստահաղորդում փակելու, այլ խրախուսելու լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը:
«Արմենպրես» հաղորդմամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այս մասին ասաց Տեսալսողական մեդիայի մասին և Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
Հայրապետյանը նախ հիշեցրեց իրենց քաղաքական թիմի ստանձնած պարտավորությունների և տված խոստումների մասին: «Մենք հետևողական ու վճռական ենք տրամադրված մեր իսկ տված խոստումները և ձեր առջև ստանձնած պատասխանատվությունը իրականացնելու, կյանքի կոչելու գործում»,-ասաց Հայրապետյանը՝ որպես օրինակ ներկայացնելով նախագիծը:
Պատգամավորը նկատեց՝ իրենց նախընտրական խոստումներում ավելի համեստ են գտնվել՝ ի տարբերության այն բարեփոխման, որ այս նախագծով լուծվելու է: «Եթերի բովանդակության հետ կապված՝ կարող եմ ասել, որ իրապես գալիս ենք ոչ թե որևէ հեռուստաալիք, որևէ հեռուստահաղորդում, որևէ սերիալ փակելու, այլ գալիս ենք սույն օրենքով խրախուսելու լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը: Եվ սրա արդյունքում, հավատացնում եմ, որ այն աղբը, որ կարող էիք տեսնել մինչև օրենքը ուժի մեջ մտնելը և կիրարկվելը, լինելու է ոչ մրցունակ, դուրս է գալու շրջանառությունից: Մենք օրենքով պարզապես խրախուսում ենք բարձրորակ կոնտենտը, հանրօգուտ կոնտենտը»,-վստահեցրեց Հայրապետյանը:
Նախագծով 30 տոկոս նվազագույն շեմ է սահմանվել մանկական, մշակութային և կրթական ծրագրերի համար: «Մենք լեզվական անվտանգության հարցն ենք շատ կոնկրետ նախանշել և դրել օրենքի հիմքում: Օրինակ ֆիլմերի, արտասահմանյան, միջազգային հաղորդումների պարագայում այն պետք է անպայման ուղեկցվի հայերեն տիտրերով, թարգմանությամբ: Սահմանել ենք մեկամյա ժամկետ, որ հեռարձակողների համար հավելյալ խնդիրներ չստեղծենք»,-վստահեցրեց Հայրապետյանը:
Նա շեշտեց՝ չեն պնդում, թե օրենքի ընդունման հենց հաջորդ օրը փառահեղ, ամենամաքուր եթերն են ապահովելու, սակայն օրենքով դրվում են դրա հիմքերը: «Օրենքն ընդունվելու պարագայում ունենալու է փայլուն հեռանկար` սրա վրա կառուցելու մեր պատկերացումները, որ ունենք եթեր ասելիս»,-վստահեցրեց Հայրապետյանը:
Անդրադառնալով լրատվականներից մեկում հրապարակված նյութին, որը վերնագրված է եղել մոտավորապես հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծ»՝ Հայրապետյանը կես ժամ ժամանակ տվեց լրատվամիջոցի ղեկավարությանը, դրա հետևում կանգնած անձանց, իր գնահատմամբ, հակապետական, խայտառակ դավաճանական վարքագիծը փոխելու համար: «Կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք: Կես ժամ ժամանակ: Մեր ռուս գործընկերների հետ մենք փայլուն կերպով երկխոսել ենք, ինքս խոսել եմ դեսպանի հետ»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ խոսում են բացառապես մեդիադաշտում նոր կանոնակարգումների մասին, որոնք միտված են պետության, ազգային անվտանգության, լեզվական անվտանգության բարձրացմանը:
Կարծիքներ