30 տարի բոլոր ընդդիմությունները նույն շրջանով անցնում են. Ալեն Սիմոնյան
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անտարբեր է իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած գրավոր հաղորդմանը։
«Այն գործողությունները, որ հիմա տեղի են ունենում՝ այդ միացումը, ստորագրելը, հուշագրերը հիշեցնում են այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ում բոլոր ընդդիմություններն անցնում են, պտտվում-պտտվում, իրար հետ հանդիպում, վիճում, և ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որոնք միգուցե հնարավորություն ունեն այլ կերպ աշխատելու, իրականությունը ճիշտ գնահատելու, նույն ցիկլի մեջ են ընկնում, նույն բանն են անում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց Սիմոնյանը։
Նա հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցել է 2 պատգամավոր, որոնց մոտ արդեն եղել է կորոնավիրուսային հիվանդություն։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո, խմբակցությունը նիստի է եկել:
«Բազմաթիվ պատգամավորներ, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ իրենք թեստ են հանձնել և իրենց մոտ արդյունքը բացասական է եղել։ Օրինակ, տիկին Մակունցը նույնպես թեստ է հանձնել և պատասխանը բացասական է եղել»,- պատասխանեց Աժ փոխնախագահը:
Անդրադառնալով լրատվամիջոցների մասին տրված հարցին՝ Աժ փոխնախագահը մատնանշեց, որ ՀՀ-ում ԶԼՄ-ները 90 տոկոսով ոչ շահավետ բիզնես են։
«Հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առ ու վաճառքի պայմանագրեր, դրանց մեջ մտան «Թիվ 5» հեռուսատալիքը, «News»-ը: Այդ ամենը արվում է քաղաքական նպատակ սպասարկելու համար: Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ իրականության պատրանք ստեղծեն: Հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են իրենց սարքած ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն ստեղծվում են, որ վարկաբեկեն իշխանություններին: Մարդիկ դիտում են այդ հեռուստաալիքները և հավատում, օրինակ, որ իշխող կուսակցության վարկանանիշը շատ ցածր է, իսկ իրենցը շատ՝ բարձր: Իսկ իրականում իրենք քաղաքական դաշտում գոյություն չունեն»,- ասաց Սիմոնյանը:
Կարծիքներ